6 հունիսի 2023 - 17:34 AMT
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելի և Քիշնևի պայմանավորվածությունների կատարումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երևանում գտնվող Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում և Քիշնևում եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Փաշինյանը կարևորել է դրանց հետևողական իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Կլաարը քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր: