Հայ–չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում նախատեսվում է ստեղծել ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ներկայացնելով «Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։
«Ըստ համաձայնագրի` սահմանվելու են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը։ Համաձայնագրում լինելու են նաև ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերություններ»,– ասել է Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու պաշտպանության նախարարությունները։
Համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. ապրիլի 9-ին։ Նշվել է, որ Չեխիայի խորհրդարանն այս տարի է դրական եզրակացությամբ ընդունել օրինագիծը և դա պայմանավորված է եղել Covid-ի համավարակով, իսկ Հայաստանում՝ նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմով։
Հանձնաժողովը 7 կողմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն է տվել օրինագծին։