9 հունիսի 2023 - 10:50 AMT
Փորձագետ. Բանակցությունների հետաձգումը կարող է նշանակել, որ Բաքուն առանցքային մի շարք հարցերի որոշումներ չունի

Հարավային Կովկասի հարցերով Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, արձագանքելով հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետաձգմանն ադրբեջանական կողմի խնդրանքով, ասել է, որ բանակցությունների հետաձգումը կարող է նշանակել, որ Բաքուն չունի որոշումներ առանցքային մի շարք հարցերի վերաբերյալ։

«Տարբեր մակարդակներում և մայրաքաղաքներում տեղի ունեցած բանակցությունների մի քանի փուլից հետո, քննարկումները թևակոխել են վճռական մի շրջան, երբ պետք է կայացվեն կարևոր որոշումներ՝ խաղաղության ապագա համաձայնագրի կարևոր մասերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ապագայի և հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման գործընթացի վերաբերյալ»,-ասել է նա, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»։

Նա հավելել է, որ շատ կարևոր է շարունակել բանակցությունները բոլոր կողմերի հետ:

«Հուսով ենք, Վաշինգտոնը կշարունակի դա անել՝ իր եվրոպացի գործընկերների հետ»,- ընդգծել է Վարդանյանը:

ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Ռուսաստանի և Եվրոպայի գծով ծրագրերի տնօրենի պաշտոնակատար Հեդեր Էշբին իր հերթին ևս կարևորել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվ ներգրավվածությունը խնդրի կարգավորմանը:

Իր գրավոր պատասխանում Էշբին ընդգծել է․ «Մինսկի խմբի փլուզումից ու, մասնավորապես, Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, խաղաղ բանակցությունների համար չափազանց կարևոր է, որ լինեն վստահելի և ակտիվ միջնորդներ, որոնք կարող են սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ զգայուն հարցեր քննարկելու համար»:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում ուշադրությունը կենտրոնացած է լինելու երկու հիմնական ոլորտներին: Առաջինը՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է ու Բաքվի կողմից ղարաբաղահայությանն անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրերը:

Ըստ նրա՝ «դա կօգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում վստահություն ստեղծելուն»:

Մյուս ոլորտը, ըստ վերլուծաբանի, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային միջանցքի շուրջ քննարկումներն են:

«Ռուսաստանը և Իրանը երկուսն էլ շահեր ունեն այս միջանցքի հարցում և կփորձեն ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի վրա, որպեսզի համոզվեն, որ տրանսպորտային երթուղին չի հակասում նրանց շահերին տարածաշրջանում: Ռուսաստանի համար տրանսպորտային այս միջանցքն ավելի կարևոր է»,- պնդել է նա:

Վերլուծաբանի կարծիքով` բանակցությունները կարելի է համարել հաջողված, եթե կողմերը համաձայնության գան շարունակել հանդիպումները բարձր մակարդակում, ավելի լավ ընկալեն միմյանց դիրքորոշումները և բարդ հարցերի շուրջ արձանագրեն առաջընթաց քննարկումների ընթացքում:

Պաշտոնական Երևանն ու Բաքուն «միջանցք» եզրի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ։ Եթե Բաքուն շարունակաբար օգտագործում է «միջանցք» եզրը Ադրբեջանից Նախիջևան կապող ուղու մասին խոսելիս, այն կոչելով «Զանգեզուրի միջանցք», ապա պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը անընդունելի է, և Հայաստանը իր տարածքով անցնող որևէ միջանցք չի պատրաստվում տրամադրել: