9 հունիսի 2023 - 13:05 AMT
Կլաարը մեկնել է Ադրբեջան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնել է Ադրբեջան։ Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ վերադառնալ Ադրբեջան։ Հետաքրքիր հանդիպումներ այսօր և անհամբեր սպասում են լավ բանավեճերի վաղը»,-ասվում է գրառման մեջ։

Կլաարը Բաքու է մեկնել Վրաստանից, ուր այցելել էր Հայաստանից հետո։

Երևանից մեկնելիս նա գրել էր, որ լավ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և արտգործնախարարի հետ՝ «շարունակելու Եվրամիության ներգրավվածությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է դրանց հետևողական իրականացումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Կլաարը քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր: