9 հունիսի 2023 - 17:53 AMT
Ալիևն ու Էրդողանը Բաքվում «Հարավային Կովկասում խաղաղության մասին» հայտարարություն կանեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է Interfax.az-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով։

Նշվում է, որ ըստ թուրքական ԶԼՄ-ների, նախատեսվում է, որ այցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես կգան «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ» հայտարարություններով։

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո դա կլինի Էրդողանի երկրորդ արտասահմանյան այցը։ Առաջին այցով նա կմեկնի Հյուսիսային Կիպրոս։

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսվող ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը հայտարարել էր, որ Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին։