10 հունիսի 2023 - 11:05 AMT
Զախարովան «ոչ այնքան արտահայտիչ է» անվանել ԵՄ առաքելության արդյունքները ՀՀ-ում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Բելգրադի և Պրիշտինայի միջև կարգավորման հարցում Եվրամիության դերի մաին, անդրադարձել է նաև ԵՄ միջնորդությանը ՀՀ-Ադրբեջան համատեքստում, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության արդյունքները նա անվանել է «ոչ այնքան արտահայտիչ», գրում է ՏԱՍՍ-ը։

«Նշում ենք ԵՄ միջնորդության բացառիկ քաղաքականացված և կոնյուկտուրային բնույթը հայ-ադրբեջանական հարաբերություններում, որտեղ գլխավորը ոչ թե կայունությանը նպաստելու ցանկությունն է, այլ գաղափարախոսությունն ու Ռուսաստանին դուրս մղելու ցանկությունը։ Կոնկրետ օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության «ոչ այնքան արտահայտիչ» արդյունքներն են»,-ասել է նա։

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը։