Արցախից անգամ ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը Երևան անհնարին է դարձել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ այժմ փորձ է արվում արցախցի բժիշկների հետ կապ պահպանել ու միասնական ուժերով պայքարել ստեղծված իրավիճակի դեմ, և անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ, գրում է «Փաստինֆոն»։
«Բայց սա, իհարկե, չի կարող լուծում լինել։ Ես մշտապես, նորից խստորեն դատապարտելով ասում եմ, որ պացիենտների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին և չի տեղավորվում հումանիտար որևէ սկզբունքի մեջ»,- ասել է նա։
Նախարարը հայտնել է, որ նշված բոլոր պացիենտները վերադարձել են Ստեփանակերտ և դեռևս պարզ չէ, թե երբ հնարավոր կլինի նրանց տեղափոխումը ՀՀ տարածք։
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: