26 ապրիլի 2009 - 02:11 AMT
Նյու Յորքի նահանգի նահանգապետն ու Նյու Յորքի քաղաքապետը հանդես են եկել Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտարարությամբ
Նյու Յորքի նահանգի նահանգապետ Դեւիդ Պատերսոնն ու Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հանդես են եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ: Պատերսոնը կոչ է արել նշել XX դարի առաջին Ցեղասպանության 94-ամյակը:

«Հաշվի առնելով մարդկանց զանգվածային ոչնչացմանն ուղղված նպատակդրված ջանքերը` պատմաբանները 1915թ. իրադարձություններն անվանում են Հայոց ցեղասպանություն: Նրանք պնդում են, որ աշխարհում չէր լինի Հոլոքոսթ, եթե Հայոց ցեղասպանությունը կասեցվեր դիվանագիտական ջանքերով»,-ասվում է Դեւիդ Պատերսոնի հայտարարության մեջ, գրում է Yonkers Tribune-ը:

Նյու Յորքի քաղաքապետ Բլումբերգն, իր հերթին, հռչակագիր է ստորագրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Հայոց ցեղասպանության առաջին զոհերը դարձան հոգեւոր, հասարակական ու քաղաքական առաջնորդները, Կոնստանդինոպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչները, որոնք ձերբակալվեցին եւ սպանվեցին 1915թ. ապրիլի 24-ին»,-ասվում է հայտարարության մեջ: