1 հուլիսի 2023 - 15:56 AMT
Տիկնիզյանի գործակալ․ Իտալական ակումբների հետ չենք շփվել, բայց հետաքրքրվածության մասին տեղյակ ենք

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդ Կլյուևը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ իտալական Ա Սերիայի 2 ակումբ հետաքրքրվում է Տիկնիզյանի ծառայություններով և որ վերջինս ընդգրկված է «Էմպոլիի» և «Բոլոնիայի» հնարավոր տրանսֆերների ցանկում։

«Կոնկրետ «Էմպոլիի» և «Բոլոնիայի» ներկայացուցիչների հետ չենք շփվել, սակայն մենք ևս տիրապետում ենք նման ինֆորմացիայի»,-ասել է նա, գրում է Metaratings.ru-ն։

Պատասխանելով այն հարցին, թե ավելացնում է արդյոք ՀՀ քաղաքացիությունը Տիկնիզյանի հնարավոր տեղափոխման շանսերը Եվրոպա, հաշվի առնելով տիրող վերաբերմունքը ՌԴ նկատմամբ՝ Կլյուևն ասել է, որ Եվրոպա տեղափոխվելու շանսերը կարող է ավելացնել միայն Նաիրի խաղը։

Նա անդրադարձել է նաև այն դիտարկմանը, որ վերջին տարիներին Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» ամենաքննադատվող ֆուտբոլիստներից է եղել, սակայն այս գարնանը առաջատարի խաղ է ցուցադրում և որն է նման փոխակերպման պատճառը։

«Առաջարկում եմ զերծ մնալ բարձրագոչ բառերից։ Այն, որ Նաիրը խաղաշրջանի գարնանային հատվածը շատ արժանի մակարդակի վրա անցկացրեց, բոլորն են նշում, այդ թվում՝ «Լոկոմոտիվի» երկրպագուները, սակայն նշաձողը բարձր է և դրան պետք է համապատասխանել։ Նաիրը լուրջ տղա է, նա հիմա կենտրոնացած է արձակուրդից դուրս գալու և առաջընթացը շարունակելու վրա»,-ասել է Կլյուևը։

Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Եվրո-2024-ի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի կազմում Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ հանդիպումներում։ Ուելսցիների հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում է կատարել, իսկ լատվիացիների հետ խաղում դարձել գոլի հեղինակ։

Նախորդ խաղաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։