27 ապրիլի 2009 - 16:09 AMT
Թուրքիան եւ Սիրիան համատեղ զորավարժություններ են անցկացնում
Այսօր Թուրքիան եւ Սիրիան ծրագրում են իրենց ծավալով աննախադեպ համատեղ զորավարժություններ անցկացնել: Ինչպես հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, զորավարժությունները կանցկացվեն Սիրիայի տարածքում` թուրքական սահմանի երկայնքով, եւ կտեւեն մինչեւ ապրիլի 29-ը:

Թուրքիայի զինված ուժերի մամլո ծառայության հայտարարության մեջ պարզաբանվում է, որ համատեղ վարժանքի նպատակը «երկու երկրների ցամաքային զորքերի միջեւ համագործակցության ամրապնդումն ու մեր զինված ուժերի զորամասերի եւ ստորաբաժանումների փոխգործակցության համաձայնեցումն է»:

Ինչպես նշում են փորձագետները, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հակառակորդ Սիրիայի միջեւ համատեղ զորավարժությունների մասին հաղորդագրությունը հայտնվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ձեռնարկված Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման փորձերի համատեքստում:

Իսրայելը, իր կողմից, հայտարարել է, որ մտադիր է սեւեռուն հետեւել թուրք-սիրիական զորավարժություններին: Հարկ է նշել, որ նախօրեին Թուրքիան հայտարարել էր Քուվեյթի հետ ըմբռնման եւ ռազմական համագործակցության նասին հուշագիր ստորագրելու մտադրության մասին: