Հուլիսի 3-ին` ժամը 22։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Պարզվել է, որ ավտոտնակում 20 կգ-անոց հեղուկ գազի բալոն է պայթել, ինչի հետևանքով փլուզվել է 2 քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը: Վնասվել է մոտակայքում կայանած 9 տրանսպորտային միջոց, մոտ 33 բնակարանի և շքամուտքի պատուհաններ ու դռներ և 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոտնակները, իրականացրել անվտանգության միջոցառումներ՝ շենքի մուտքերից և բնակարաններից հեռացրել պատուհանների և ապակիների մնացորդները, ստուգել վնասված ավտոմեքենաների անվտանգությունը. վտանգավոր երկրորդային գործոններ չեն հայտնաբերվել: