27 ապրիլի 2009 - 18:16 AMT
Հայաստանում տեղի է ունենում Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների ութերորդ մրցույթը
Հայաստանում Մշակույթի նախարարության եւ Առնո Բաբաջանյանի հիշատակի Միջազգային հիմնադրամի հովանու ներքո տեղի է ունենում Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների ութերորդ մրցույթը:

Մրցույթի նապատակն է` հայտնաբերել տաղանդավոր պատանի դաշնակահարներին, աջակցել նրանց ուսմանը եւ ստեղծագործական գործունեությանը, պատանի երաժիշտներին նախապատրաստել միջազգային փառատոնների մասնակցությանը:

«2009թ. մրցույթին մասնակցում են 67 պատանի դաշնակահարներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Մրցույթն անցկացվում է երկու տարիքային կարգերում` մինչեւ 12 տարեկան եւ 13-15 տարեկան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է հասարակայնության հետ կապերի գծով Հայաստանի Մշակույթի նախարարության վարչության պետ Գայանե Դուրգարյանը:

Հանդիսավոր փակումն ու մրցանակների հանձնումը տեղի կունենա ապրիլի 30-ին Երեւանում Բաբաջանյանի անվան համերգասրահում: Պատանի դաշնակահարների մրցույթն անցկացվում է երեք տարին մեկ անգամ` սկսած 1986-ից: