Zangi ընկերությունն Արցախում մեկնարկում է ArtsakhX նախագիծը, որը ինտերնետի անջատման դեպքում կապահովի կապը երկրի ներսում։
Հուլիսի 17-ին Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստոգրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:
«Իրականում աշխատանքները սկսել էինք դեռ 6 ամիս առաջ, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր արցախցիների համար։
ArtsakhX-ը ունի հետևյալ առանձնահատկությունները՝
-Կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով։
-Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի Հանրապետության տարածքում։
-Արցախի ինտերնետից անջատման դեպքում շարունակելու է աշխատել ապահովելով կապ Արցախի ներսում։
-Թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապի ճնշման և նրա վատացման պայմաններում կարողանում է ապահովել տվյալների փոխանցում։
ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: Այն թույլ է տալիս ռազմականացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։
ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից ամբողջովին անհատույց սկզբունքներով։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստեցին ArtsakhX-ի իրականացմանը»,-ասվում է գրառման մեջ։