27 ապրիլի 2009 - 22:51 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը
Ապրիլի 27-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին: Պետքարտուղար Քլինթոնը ողջունեց Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը` այն գնահատելով որպես պատմական քայլ երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հիլարի Քլինթոնը իր աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին` հույս հայտնելով, որ այդ գործընթացում առաջընթաց կարձանագրվի: