27 ապրիլի 2009 - 23:12 AMT
Հայ-թուրքական համաձայնագիրը հայ դիվանագիտության ճիշտ քաղաքականության արդյունքն է
«ՀՅԴ կուսակցությունը պետք է մի փոքր սպասեր, հետո միայն հանգիստ, առանց զգացմունքայնության, արմատական քայլեր ձեռնարկեր իշխող կոալիցիայից դուրս գալու համար»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով ՀՅԴ որոշումը կոլաիցիայից դուրս գալու վերաբերյալ: Նրա խոսքերով, հայ-թուրքական համաձայնագիրը հայ դիվանագիտության ճիշտ քաղաքականության արդյունքն է: «Ստորագրելով այս փաստաթուղթը` Թուրքիան հստակ հայտարարեց, որ հրաժարվում է նախապայմաններից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: Փաստորեն վերջ դրվեց 15 տարի շարունակվող հակահայկական քաղաքականությանը: Ավելին, ես կարծում եմ, որ այժմ Հարավային Կովկասում հենց Հայաստանն է այն կայուն երկիրը, որի հետ կարող է գործ ունենալ Արեւմուտքը: Այդ մասին խոսում եւ հայտարարում է ԱՄՆ Պետքարտուղարությունը, որը գոհունակություն է հայտնել հայ-թորքական համաձայնագրի ստորագրման առնչությամբ»,-ասել է Սաֆրաստյանը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այժմ Թուրքիայում սկսել են հնչել հայտարարություններ, որ անհնար էին մի քանի տարի առաջ: «Դրա օրինակն է «Հայեր, ներեցեք մեզ» ակցիան, որը շուրջ 30 հազար ստորագրություն հավաքեց: Սակայն սա Ստամբուլի մտավորականության մի փոքր մասն է միայն, որ միտված է դեպի Եվրոպա: Թուրք հանրության ճնշող մեծամասնությունը մնում է չափազանց ծայրահեղական, քեմալիստական ու հակահայկական»,-ասել է հայ թրքագետը: