21 հուլիսի 2023 - 11:49 AMT
ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետերն ամեն անգամ կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերն ամեն անգամ կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում։ Այդ մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել պետական սահմանի տարբեր հատվածներում», – նշել են գրասենյակից։

Հուլիսի 12-ին Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել էին Հայաստան–Ադրբեջան սահմանի ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։

Կողմերը որպես հերթական հանդիպման կազմակերպման վայր միմյանց առաջարկել էին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանի տարբեր հատվածներ։ Արդյունքում փոխադարձ համաձայնությամբ որոշում էր կայացվել հանդիպումը կազմակերպել պետական սահմանի Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում:

Գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների այլ անդամներ, սակայն կոնկրետ անուններ չեն նշել։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի ն փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի` սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ–ի մայիսի 24–ին Երասխի մոտ։ Երկրորդ հանդիպումն անցկացվել է Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։