Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն 2024 թվականին կանցկացվի Երևանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Համաժողովը Երևանում էր հյուրընկալվել նաև 2019 թվականին:
«Եվս մեկ մեծ իրադարձություն գալիս է Հայաստան: Ուզում եմ տեղեկացնել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում:
Հիշեցնեմ, որ համաշխարհային այս մեծ իրադարձությունը Երևանը հյուրընկալել էր նաև 2019 թվականին»,-ասվում է գրառման մեջ։
Երևանում 2019-ի հոկտեմբերի 6-9-ը կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովին մասնակիցներ են եղել ավելի քան 70 երկրից։ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում անցկացվել է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» կարգախոսի ներքո։
WCIT-2019-ի գլխավոր զեկուցողներից էին Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։
WCIT-2019-ի մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաև ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: