28 ապրիլի 2009 - 15:45 AMT
Երեւանում աշխատանքն է սկսել «Կովկաս 2008» միջազգային խորհրդաժողովը
Անցյալ տարի Կովկասում 4 նախընտրական արշավ է եղել, մեկ պատերազմ, ստորագրվել է 2 հռչակագիր եւ տեղի է ունեցել մեկ ֆուտբոլային խաղ: Այդ մասին Երեւանում ընթացող Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2008» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Freedom House-ի Բուդապեշտի գրասենյակի տնօրեն Վալդիամիր Շկոլնիկովը:

Իր հերթին Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ «Կովկասի» ամենամյա խորհրդաժողովներն Երեւանում տարածաշրջանի երկրների միասնության սակավաթիվ, եթե ոչ միակ ապացույցն են:

Ըստ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերի, 2008 թվականը Հարավային Կովկասում շատ կարեւոր իրադարձությունների տարի էր եւ 2009-ի մեկնարկը եւս պակաս հարուստ չէ իրադարձություններով:

«Հարավային Կովկասում պատերազմ եղավ, ինչը մեզ բոլորովին չի ուրախացնում: Սակայն մենք դարձանք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններ հաստատելու պատմական քայլի ականատեսները: 2008-ին ընդունվեց «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը Հարավային Կովկասի երկրների, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի հետ»,-ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: