28 ապրիլի 2009 - 15:58 AMT
Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը թատերական սեզոնը կավարտի նոր ներկայացման բեմադրությամբ
Չնայած շրջագայությունների խիտ ժամանակացույցին, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը թատերական սեզոնը կավարտի նոր ներկայացման բեմադրությամբ, որը տեղի կունենա ընթացիկ թատերական սեզոնի ավարտին: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն այս անգամ ընտրել է Էդուարդո դը Ֆիլիպոյի «Ֆիլոմենա Մորտուրանո» պիեսը:

Ներկայացման մեջ ընդգրկված են Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Քնարիկ Զաքարյանը, Կարինե Սաֆարյանը եւ այլոք:

««Ֆիլոմենա Մորտուրանո» պիեսով մենք ցանկացանք ցույց տալ, որ ցանկացած կին, անկախ ապրելակերպից, ուզում է ստեղծել իր ընտանիքն ու օջախը»,-այսպես է պիեսի ընտրությունը բնութագրել թատրոնի գլխավոր ռեժիսորի օգնականը:

Մեծանուն իտալացի դերասան Էդուարդո Սկարպետտայի ապօրինի որդի Էդուարդո դը Ֆիլիպոյի «Ֆիլոմենա Մորտուրանո» պիեսը ծանոթ է լայն շրջանակներին շնորհիվ 1964թ. նկարահանված «Ամուսնություն իտալական ձեւով» ֆիլմի, որտեղ նկարահանվել են Մարչելո Մաստրոյանին ու Սոֆի Լորենը: