28 ապրիլի 2009 - 19:55 AMT
Շվեյցարիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Շվեյցարիայում ապրիլի 24-ին տեղի են ունեցել միջոցառումներ` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին: Տրուանե քաղաքի հայկական եկեղեցում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվել է հոգեհանգստի պատարագ: Հայ համայնքին ուղերձով դիմել է Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհրդի նախագահ տիկին Կիարա Սիմոնեսքի-Քորթեզը: Միջոցառումների ընթացքում ելույթ ունեցան Շվեյցարիայի ֆրանսախոս մասի հայկական համայնքի ներկայացուցիչ Զարե Կուրկուջյանը, Հայաստան-Շվեյցարիա ընկերության խորհրդարանական խմբի համանախագահներ Դոմենիկ դե Բումենը եւ Ուելի Լոյնեբերգերը, Տրուանի քաղաքապետ Ժակ Մանենան եւ երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Միջոցառումների շրջանակներում բացվել է հուշաքար` ի հիշատակ խորհրդարանական Ժան-Կլոդ Վոդրոյի եւ ի պատիվ այն բոլոր խորհրդարանականների, որոնք աջակցել են նրան Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման գործում: Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կազմակերպվել են նաեւ Ցյուրիխում ու երկրի այլ քաղաքներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: