Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, որի ուժով Ադրբեջանը պարտավորվում է կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները։
Եվրոպական դատարանը պարտավորեցրել է նաև Ադրբեջանին տեղյակ պահել Վագիֆ Խաչատրյանի ընդհանուր վիճակի և ընթացող քրեական վարույթի մասին։
Հուլիսի 29-ին ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում առևանգել են որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։