31 օգոստոսի 2023 - 13:57 AMT
S&P-ն բարելավել է Ամերիաբանկի վարկանիշը, սահմանել «կայուն» հեռանկար

S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկի թողարկողի երկարաժամկետ վարկանիշը սահմանելով այն BB-, իսկ հեռանկարը՝ «կայուն»: Միևնույն ժամանակ, գործակալությունը հաստատել է բանկի՝` թողարկողի կարճաժամկետ B վարկանիշը:

Այս փոփոխությունը հաջորդել է Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Ըստ S&P գործակալության՝ Ամերիաբանկի վարկանիշներն այլևս սահմանափակված չեն սուվերենի վարկունակությամբ և այժմ համապատասխանում են սեփական վարկարժանության BB- գնահատականին:

Նշվում է, որ Ամերիաբանկն ունի մեծ հնարավորություն՝ պահպանելու իր առաջատար դիրքը Հայաստանում (այն ամենախոշոր վարկային հաստատությունն է շուկայում՝ 2023թ. հունիսի 30-ի դրությամբ շուկայի շուրջ 19% մասնաբաժնով)` օգտագործելով իր թվային կապուղիները և ավելի դիվերսիֆիկացնելով մանրածախ և ՓՄՁ պորտֆելները: S&P-ն նաև ակնկալում է, որ ներքին կապիտալի ստեղծման բարձր ցուցանիշների շնորհիվ առաջիկա տարիներին Ամերիաբանկը կպահպանի կապիտալի համարժեքության բավարար մակարդակ:

Կայուն հեռանկարն արտացոլում է գործակալության այն տեսակետը, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Ամերիաբանկը կպահպանի իր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում և կկառավարի վարկավորման ակնկալվող բարձր աճը՝ միաժամանակ պահպանելով կապիտալի կայուն բուֆերները:

Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: