28 ապրիլի 2009 - 21:01 AMT
ԱՄՀ-ի փոխառությունների սահմանի կրկնապատկումը Հայաստանի համար ուղղակի հետեւանքներ չունի
Անցած շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը համաձայնվել է կրկնապատկելու Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի (ԱԿՏԱ) եւ Արտաքին ցնցումների (ԱՑ) վարկային ծրագրերի ներքո տրամադրվող փոխառությունների սահմանն առավել աղքատ երկրների համար, դրանով իսկ օժանդակելով ցածր եկամուտներ ունեցող երկրներին, որոնք գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում մեծ վնասներ են կրել:

Ինչպես նշել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը, այս որոշումը Հայաստանի համար ուղղակի հետեւանքներ չունի, քանի որ Հայաստանը ներկայումս օգտվում է ԱՄՀ-ի Օժանդակության վարկային ծրագրից (Stand-By Arrangement), մինչդեռ վերոհիշյալ որոշումը չի տարածվում Օժանդակության վարկային ծրագրի ներքո տրամադրվող ֆինանսավորման վրա:

Նախկինում Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հաստատել էր 28-ամսյա օժանդակության վարկային ծրագիրը Հայաստանի համար` 368 մլն SDR(540 մլն ԱՄՆ դոլար) գումարի չափով:
Հաստատված միջոցներից 161,5 մլն SDR-ին (շուրջ 237 մլն ԱՄՆ դոլար) համարժեք գումար կտրամադրվի անհապաղ, իսկ մնացած միջոցները` 9 մասնաբաժիններով` եռամսյակային արդյունքները հաշվի առնելով:

Համաձայնագիրն ԱՄՀ-ի Հայաստանի քվոտայի շուրջ 400 տոկոսը կազմող ռեսուրսների բացառիկ մատչելիության հնարավորություն է տալիս: Միջոցները տրամադրվում են հինգ տարի ժամկետով` երեքամյա արտոնյալ ժամանակաշրջանով, 1,54 տոկոս տարեկան տոկոսադրույքով: