4 սեպտեմբերի 2023 - 16:23 AMT
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 2-ին Թբիլիսիում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցակցրել, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հավաքին մասնակցել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, հայտնում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։

Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և արցախցիներին մաղթելով ոգու ամրություն և տոկունություն նման ծանր պայմաններին դիմագրավելու համար:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ՝ ներկաների կողմից ընդգծվել է Վրաստանի լրատվականների կողմից Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ոչ բավարար լուսաբանման փաստը:

Սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։ Հանրահավաքը կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: