Ադրբեջանի ԶՈւ–ն նախ ապատեղեկատվություն է տարածել, հետո կրակ բացել Նորաբակի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՄ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին։