ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է: Տեղեկությունը հաստատել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է Aysor.am-ը։
«Հաստատում եմ, որ պաշտպանության նախարարի՝ Կիպրոսի Հանրապետություն նախատեսված այցը հետաձգվել է», - ասել է Թորոսյանը։
Պատճառների մասին նա չի նշել։
Բանակցությունները պետք է տեղի ունենային սեպտեմբերի 7–ին Նիկոսիայում։
Կիպրոսի կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոյի տարածած հաղորդագրության համաձայն՝ այցը հետաձգվել է տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով։
ՀՀ և Կիպրոսի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Միխալիս Յորղալլասը սեպտեմբերի 7–ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ըստ Կիպրոսի կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոյի, նշվել է, որ այցը կհետաձգվի «հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառով»։
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին։