Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, անդրադառնալով ՀՀ–ում կայանալիք հայ–ամերիկայն զորավարծություններին, հայտարարել է, որ Հայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է և հավելել է, որ այս զորավարժությունն առաջինը չէ, տեղեկացնում է «Ազատությունը»։
«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժերի միջև փոխգործակցելիության շարունակական բարելավման նպատակով», -ասվում է դեսպանատան պատասխանի մեջ։
Դեսպանատնից պատասխանել են այն հարցին, թե «արդյոք սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժությունները առաջի՞նն են անկախ Հայաստանի պատմության մեջ, թե՞ էլի են եղել զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի կազմում անցկացված զորավարժությունները չհաշված»։
«Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003 թվականից ամուր գործընկերային հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Ամերիկյան և հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 և 2008 թվականներին»,–ասվում է դեսպանության պատասխանի մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելու են «Արծիվ գործընկեր 2023» խորագրով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, որոնց կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական: Զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։
Առաջիկա զորավարժությունների մասին տեղեկությունը հարուցել է պաշտոնական Մոսկվայի մտահոգությունը: