9 սեպտեմբերի 2023 - 12:49 AMT
Ղարամյան․ Այս օրհասական պահին մի խումբ մարդիկ նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների

Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ այս օրհասական պահին մի խումբ մարդիկ նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Արդեն մի քանի օր է` Արցախում պատերազմի («հակաահաբեկչական» գործողության տեսքով) շունչը հասել է Արցախի մեր պաշտպաների քիմքին, որոնք այն զգում են յուրաքանչյուր վարկյան, իսկ մի խումբ մարդիք որոնք տարիներ ի վեր երկպառակություն են մտցրել հանրության մեջ՝ կեղծ ու մտածածին թեզեր և հերյուրանքներ տարածելով, այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն:

Սիրելի արցախցիներ, կոչ եմ անում՝ լինել խոհեմ և զգոն, չտրվել այդ մարդկանց սին խոստումներին ու սադրանքներին դրանով ավելի բարդացնելով ստեղծված ծանր ու բարդ իրավիճակը»։

Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետության նախագահի ընտրության հարցով։ Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ-ն հետ է վերադարձրել ԱՀ նախագահի պաշտոնի համար Սամվել Բաբայանի առաջադրման փաստաթղթերը, քանի որ վերջինս չունի վերջին 10 տարում Արցախում բնակվելու տեղեկանք։