29 ապրիլի 2009 - 11:39 AMT
Կալինինգրադում անցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո
2009թ. ապրիլի 27-ին Կալինինգրադի մարզի հայկական տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարությունը Կալինինգրադի «Զարյա» կինոթատրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո է կազմակերպել, որի ժամանակ ցուցադրվել է «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը եւ իտալացի կինորեժիսորներ Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմը:

Ցուցադրությանը եկել էին ամենատարբեր ազգությունների եւ տարիքի մարդիկ: Հանդիսատեսը դուրս էր գալիս դահլիճից արտասուքն աչքերին: Նման ցուցադրության նպատակն էր մեկ անգամ եւս հիշեցնել մարդկանց այն մասին, որ չարիքը շարունակում է անպատիժ մնալ: «Ես սարսափած եմ: Երբ կարդւմ ես, դա մի բան է, էկրանից ընկալում ես բոլորովին այլ կերպ,-տպավորությունն է կիսել պատանի հայուհիներից մեկը:-Նույնիսկ գազանները միմյան հանդեպ ավելի ողորմած են: Ցավում եմ զոհվածների համար, կոչ եմ անում հայերին` միասնական եղեք, մենք չպետք է թույլ տանք, որ դա նորից կրկնվի»: ֆիլմի ցուցադրությունից հետո Կալինինգրադի հայ երիտասարդությունը որոշել է դպրոցներում եւ բուհերում, բոլոր ծանոթներին ու բարեկամներին ճշմարտությունը պատմել Ցեղասպանության մասին, հաղորդում է Կալինինգրադի մարզի հայկական տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության մամլո ծառայությունը: