14 սեպտեմբերի 2023 - 10:25 AMT
Երասխի գործարանն ապամոնտաժվել է․ Սարքավորումներն այլ վայր են տեղափոխում

Երասխի մետալուրգիական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացում, ապամոնտաժվել է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։

Նշվում է, որ վերջին շաբաթներին դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում՝ հետևելով և վերահսկելով գործարանի ապամոնտաժումը։

«ԵՄ դիտորդական առաքելությունն իր ներկայությամբ նպաստում է սարքավորումների անվտանգ տեղափոխմանն այլ վայր»,–ասվում է գրառման մեջ։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ էր բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվեցին։