29 ապրիլի 2009 - 13:07 AMT
Սբ. Նորաշեն եկեղեցու շուրջ ծագած վեճը զուտ եկեղեցակա՞ն է
Հայաստանի եւ Վրաստանի կառավարություններն ոչ մի խնդիր չունեն, վրաց հանրության շրջանում կան կարծրատիպեր, որոնց համաձայն Հայաստանն ընկալվում է որպես ռուսամետ երկիր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իլյա Ճավճավաձեի անվան պետհամալսարանին կից Կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գիա Նոդիան: «Հայաստանն առավել լուրջ քաղաքականություն է վարում, քան Վրաստանը եւ քաղաքական վերնախավը դա հիանալի հասկանում է»,-նշել է վրացի պրոֆեսորը:

Նրա խոսքերով, սբ. Նորաշեն եկեղեցու եւ Ջավախքի հայ բնակչության հետ կապված հարցերը Վրաստանի ներքին խնդիրներն են եւ Հայաստանի կառավարությունն իրենց ճիշտ է պահում` չմիջամտելով եկեղեցական եւ հասարակական գործերին: «Ես պետք է ընդգծեմ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին երկրի բարձրագույն հեղինակությունն է, որին ականջալուր են բոլորը` սկսած նախագահից եւ վերջացրած հասարակ քաղաքացիներով: Նորաշենի վեճը զուտ եկեղեցական է եւ պետությունը չի միջամտում այս հարցին: Ի դեպ, սա եզակի դեպք չէ, ՎՈՒԵ-ն խնդիրներ ունի նաեւ վրաց կաթոլիկների եւ քրիստոնեկան այլ ուղղությունների հետ»,-ասել է Նոդիան:

Ինչ վերաբերում է Ջավախքի խնդիրներին, ապա ըստ Նոդիայի, հայ բնակչության խնդիրները նույնն են, ինչ ողջ Վրաստանում: «Այժմ մեր կարգախոսն է «Վրաստանը բոլորի համար», սակայն ընդդիմությունը հանդիմանում է նախագահ Սահակաշվիլիին հաճախակի Ջավախք այցելելու եւ հայերի խնդիրներով զբաղվելու համար»,-ընդգծել է նա` հավելելով, որ Ջավախքում իրոք կան խնդիրներ, սակայն դրանք որոշակիորեն «չափազանցված են»: