ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում նշել է Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը։
Ի շարունակություն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև օրեր առաջ կայացած հեռախոսազրույցի՝ երկու երկրի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների կարևորությունը: Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Երկուստեք վերահաստատվել է երկխոսությունը տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պատրաստակամությունը:
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։