16 սեպտեմբերի 2023 - 12:37 AMT
Հետաքննություն․ ԵՄ-ում Ադրբեջանի հատուկ ծառայությունների վարձկանները տարիներով ահաբեկում ու խեղում են Ալիևի քննադատներին

Եվրոպական երկրներում գործում են վարձկանների բրիգադներ, որոնք տարիներ շարունակ ծեծում, ահաբեկում ու խեղում են Ադրբեջանի իշխանություններին քննադատող անձանց, որոնք փախել են երկրից։ Այդ մասին ասվում է NewsroomIn-ի հետաքննության մեջ։

«Նրանց անվանում են «նորոգիչներ, որոնց ղեկավարում են «կապալառուները» Ադրբեջանի հատուկ ծառայություններից։ Նման մեկ «նորոգման» արժեքը 60,000 եվրո է։ Այդ բրիգադների նպատակն է փակել Ադրբեջանի իշխանությունների քննադատների բերանը, որպեսզի նրանք Եվրոպայում չփչացնեն երկրի և դրա ղեկավարի իմիջը»,–ասվում է հոդվածում։

Նշվում է, որ «նորոգիչներից» մեկը՝ Ռամազան Յամանը հայտնել է այդ մասին Լիտվայի և Շվեդիայի իշխանություններին։

Նշվում է նաև, որ նման բրիգաները մեծ թափ են հավաքել Եվրոպայում, գործում էին Գերմանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Բելգիայում։

«Համակարգումն ու կանխիկով վճարումը գալիս էր Ադրբեջանից։ Յամանը միայն մեկ դրվագ է նշել, որին անձամբ է ներկա եղել՝ կանխիկը որպես կանխավճար նրան մի մարդ էր բերել Լիտվա։ Գումարի փոխանցմանը հետևել են Լիտվայում ադրբեջանական դեսպանատա աշխատակիցները, որոնցից մեկին նույնականացրել են հետաքննության մասնակիցները»,–ասվում է հոդվածում։