Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X–ի միկրոբլոգում գրել է Լեռնային Ղարաբաղում անմիջապես հրադադար հաստատելու հրատապ անհրաժեշտության մասին։
«Ողբերգական հաղորդագրություններ՝ ականների պայթյուններից ադրբեջանցիների զոհվելու մասին: Սակայն, շարունակվող ռազմական գործողությունը միայն կվատթարացնի իրավիճակը։
«Անմիջապես հրադադար հաստատելու հրատապ անհրաժեշտություն կա՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության հնարավորություն ապահովելու համար, և որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ ճանապարհ», - ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։