19 սեպտեմբերի 2023 - 18:26 AMT
Միրզոյանը Քիմի հետ զրույցում ընդգծել է կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ կարիքը

ԱՄՆ–ում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ և ներկայացրել Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Այդ մասին Միրզոյանը հայտնել է X սոցցանցում։

Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը:

«Ընդգծել եմ ԼՂ-ում ադրբեջանական ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և միանշանակ քայլեր ձեռնարկելու հրամայականը»,- ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։