20 սեպտեմբերի 2023 - 13:57 AMT
Վարդանյան․ Լեռնային Ղարաբաղում զոհվել է մոտ 100 մարդ

Սեպտեմբերի 19-ին սկսված ադրբեջանական զինուժի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհվել է մոտ 100 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություն է սկսել»,- Reuters-ին ասել է Վարդանյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական ուժերը մարտական ​​գործողությունները շարունակել են ամբողջ գիշեր և նաև սեպտեմբերի 20–ին։

.Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: