21 սեպտեմբերի 2023 - 10:32 AMT
Snoop Dogg-ի համերգը հետաձգվել է

Հայտնի ռեփեր Snoop Dogg-ի` սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է։ Այդ մասին հայտնել է համերգը կազմակերպող Doping Space ընկերությունը:

«ՀՀ կառավարությունը պաշտոնապես հայտնել է համերգը հետաձգելու որոշման մասին։

Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան և իրականացրած վայրագությունները մեր հայրենակիցների դեմ: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ մաղթում վիրավորներին:

Ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ովքեր տոմսեր են գնել և պատրաստվում էին մասնակցել համերգին»,- ասված է հայտարարության մեջ։

Ընկերությունը հավաստիացրել է, որ տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արցախցի երգիչ Լյոկան որոշել է հրաժարվել Snoop Dogg-ի համերգին նախատեսված իր ելույթից։

Կառավարությունն ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Հայաստանում կայանալիք Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում արձագանքը ոչ միանշանակ էր՝ շատերը կարծում են, որ նման ծախսերը տեղին չեն Արցախում տիրող իրավիճակի ֆոնին։