22 սեպտեմբերի 2023 - 11:21 AMT
Վաղ առավոտից Երևանում փողոցներ են փակում․ Թևանյանին բերման են ենթարկել

Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից Երևանում զանգվածային անհնազանդության ակցիաներ են՝ տարբեր փողոցներ են փակվել։

Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ վրդովված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակով։ Փողոց փակած երիտասարդները «Արցախ, Արցախ», «Նիկոլ՝ դավաճան» վանկարկումներով անցորդներին կոչ են անում միանալ ակցիային։

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն ֆեյսբուքյան իր էջի «լայվում» կոչ էր արել բոլորին քաղաքի տարբեր հատվածներում, թեկուզ փոքր խմբերով իրականացնել անհնազանդության գործողությունները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան բերման են ենթարկել։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ավելի ուշ ասել է՝ Թևանյանին վարչական վարույթի շրջանակում տեղափոխում են Քննչական կոմիտե․ «որևէ քրեադատավարական հիմք չի ներկայացվել»:

Անհնազանդության ակցիաներ իրականացրած 26 անձ ոստիկանական բաժանմունքներ է տարվել, հայտնել են ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Տարբեր ժամերի փակ են եղել Մյասնիկյան պողոտան, Սարյան, Բուզանդ փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցել են նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներ։ Նրանք կոչ էին անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։