Հայաստանցի շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը դուրս է եկել Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարիցև միացել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հայտարարած հացադուլին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր գրառման մեջ։
«Իրավիճակով պայմանավորված՝ Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարի մասնակցությունից հրաժարվել եմ:
Այսօր առաջին անգամ որոշում կայացրի մրցաշարի ընթացքից հրաժարվել մասնակցությունիցս ու միանալ Սուրեն Պետրոսյանի հացադուլին, որի պահանջը շատ պարզ է. բոլոր նրանք, ովքեր հաջողություններ ունեն տարբեր ոլորտներում և լսելի են հանրության կողմից՝ գալ Հանրապետության հրապարակ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
Լինելով սպորտի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ կոչով դիմել հատկապես սպորտում հաջողություններ ունեցած մարզիկներին՝ միանալ ու Պայքարել»,- նշել է նա։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ են սկսել` իրենց բողոքը հայտնելով Արցախի հարցում հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության դեմ: