24 սեպտեմբերի 2023 - 14:28 AMT
Փաշինյանը գրեթե բաց տեքստով ՌԴ-ին ՀՀ պետականության դեմ քայլերի մեջ է մեղադրել

ՀՀ-ն երբեք իր դաշնակցային պարտավորություններից չի հրաժարվել և իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերն ու դաշնակիները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու և հայ ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու անհնարինությունը հմնավորելու խնդիր են դրել։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում։

Ընդ որում, այդ իրավիճակն, իր խոսքերով, կապ չունի 2018-ի իշխանափոխության հետ․ այդ քաղաքականության դրսևորումները պարբերաբար եղել են վերջին տասնամյակներում, ու դրա դրսևորումներից էր քառօրյա պատերազմը, 14-15 թվականների սահմանային լարումներըը և այլն։

Իր խոսքերով մտահոգիչ է, որ անկախ, ինքնիշան, ազատ ու ժողովրդավարական երկիր ունենալու կամքին ականջալուր լինելու փոխարեն «որոշ գործընկերներ» անվտանգության ոլորտում երկրի խոցելիությունն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում, հարվածի տակ դնելով ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունը, խախտելով միջպետական ու դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերն ու ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

«Կոչ ենք անում և հորդորում մեր գործընկեներին՝ հարգել մեր պետություն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում՝ ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը», - ասել է նա:

«Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ: Մենք այս շարքում ենք դիտում ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձևակերպվում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահման: Մենք այս շարքում ենք դիտում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը հհ-ԻՆ հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից: Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրել ենք 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Այս որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ: Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է», - ասել է նա:

Նրա խոսքերով, հարցը հետևյալն է՝ ՀՀ-ն կլինի անկախ պետություն թե վախվորած ծայրագավառ։ «Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում ՀՀ ներքաղաքական դաշտում, և ամեն քաղաքացի պիտի ընտրություն կատարի»,-հավելեց վարչապետը։ Իր խոսքերով, նա ՀՀ վարչապետն է, հետևաբար առաջնորդում է անկախության պաշտպանության շարժումը, իսկ եթե լիներ ՀՀ շարքային քաղաքացի, կգնար անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու։