25 սեպտեմբերի 2023 - 11:12 AMT
Բաքուն հայտնել է արցախցիների ձերբակալությունների մասին

Պաշտոնական Բաքուն հայտնել է արցախցիների ձերբակալությունների մասին։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նրանց մեղադրանք է ներկայացրել «ահաբեկչական գործողությունների իրականացնելու» համար, հայտնում է Haqqin.az-ը։

Նրանց են վերագրում սեպտեմբերի 19-ին ականի պայթյունի հետևանքով 6 ադրբեջանցու մահվան դրվագը։ Պայթյունը տեղի էր ունեցել Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի մոտակայքում։

Ձերբակալվածների թիվը չի նշվում։

Նշվում է, որ այդ գործողությունների կատարման մեջ կասկածվող անձինք «զինաթափվել են և կալանավորվել»։

Ադրբեջանի ԱԱԾ–ն նաև հորդորել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին չոչնչացնել «գույքն ու փաստաթղթերը»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։