25 սեպտեմբերի 2023 - 11:13 AMT
Սիմոնյանը՝ ԱՀ ԱԽ հայտարարության մասին․ Մեզ տեղեկացրել են, բայց չենք մասնակցել, Փաշինյանը մի կետով համաձայն չէր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հերքել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հայտարարությունը, որ ԱՀ Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես ծանոթ է եղել:

Սիմոնյանը Հանրայինի եթերում խոստովանել է, որ հայտարարության բովանդակությանը նախապես ծանոթ են եղել, գրում է «Փաստինֆոն»։

«Իհարկե, մեզ տեղյակ են պահել, բայց որևէ մասնակցություն Երևանից չի եղել, նույնիսկ խորհուրդ չենք տվել։ Այն փաստաթուղթը, որի մասին պարոն Իշխանյանը խոսել է, մենք տեսել ենք, և միակ զանգն ու խոսակցությունը, որը տեղի է ունեցել վարչապետի կողմից, այն արտահայտությունն է եղել, որ մեզ համար մտահոգիչ ու անընդունելի է, որ այդ փաստաթղթում նշված է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Վարչապետն ասել է, որ դա մեզ համար անընդունելի է, այնտեղից էլ պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, այն հայտարարություն է լինելու։ Բայց փաստաթուղթը մեզ հետ չի համաձայնեցվել, մեր կողմից չի հաստատվել, նույնիսկ խորհուրդ չենք տվել»,- ասել էՍիմոնյանը։

Նա հավելել է, որ նույնը եղել է նաև Արցախի նախագահի ընտրության հետ կապված հարցում։

«Նաև նախագահի ընտրության հետ կապված որոշմանը չենք մասնակցել, որովհետև Ադրբեջանը դրա մասին բաց խոսել էր, որ նախագահի ընտրությունը իրենց համար բավականին ծանր և սադրիչ գործողություն է»,–ասել է ԱԺ նախագահը։

Իշխանյանն, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, մասնավորապես ասել էր. «Ադրբեջանի կողմից սույն թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է, եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը»: