ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որի գործունեության նպատակը կլինի վերահսկել իրավիճակը ԼՂ-ում։
Նա նշել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որը բաց և թափանցիկ գործունեությամբ կապահովի ԼՂ բնակիչների անվտանգությունն ու հանգիստ կյանքը»,- ասել է նա։
Հայաստանում գտնվող ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանտա Փաուերը նույնպես ասել է, որ ԼՂ-ում պետք է միջազգային հումանիտար ներկայություն լինի` արձանագրելու, թե արդյոք Ադրբեջանը կատարում է ստանձնած հանձնառությունները։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է մշտապես ու լիարժեք բացի Լաչինի միջանցքը՝ ուղևորափոխադրումների, կոմերցիոն և հումանիտար փոխադրումների համար։
Միլլերը նշել է նաև, որ ՌԴ-ն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ և Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան մնալու և խաղաղ ու արժանապատիվ ապրելու իրենց բնակավայրերում՝ ունենալով պաշտպանված իրավունքներ։
«Իսկ նրանք, ովքեր ուզում են հեռանալ, պետք է անվտանգ ելքի հնարավորություն ունենան՝ երրորդ՝ դիտորդ կողմի ուղեկցությամբ»,-ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչների անվտանգության և բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի համար, այդ թվում՝ ռազմական գործողություններում մասնակցություն ունեցած կասկածվողների:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: