29 ապրիլի 2009 - 23:07 AMT
Լույս է տեսել Հայաստանի մերժված հայրենասերի մասին «Գրիգոր Հարությունյանի ժամանակը» եռհատորյակը
Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել Վլադիմիր Պետրոսյանի «Գրիգոր Հարությունյանի ժամանակը» փաստագրական վեպի շնորհանդեսը: Վեպը պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանի աշխատատար արխիվային աշխատանքի արդյունքն է: Գրքում հեղինակը նկարագրել է Գ.Հարությունյանի կյանքի եւ գործունեության 1937-57թ. տարիները, երբ նա զբաղեցնում էր ՀԽՍՀ կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը:
«Գրիգոր Հարությունյանի կերպարն արտացոլում է իր ժամանակը, դժվարություններն ու մարդկանց, որոնք գործել են այն ծանր տարիներին, սկսած սեւ 1937թ., երբ միլիոնավոր մարդիկ աքսորվեցին կամ գնդակահարվեցին, մինչ Ստալինի մահը 1953թ.»,-շնորհանդեսին ասել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Գրիգոր Անանյանը ծնվել է 1900թ. Թելավիում, 1922-1924թթ. բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայի Կ.Մարքսի անվան ժողտնտեսության ինստիտուտում, 1919-1920թթ. եղել է Թելավիի ընդհատակյա կոմունիստական շարժման ղեկավար, որի համար ձերբակալվել է 1920թ.: 1921-38թթ. զբաղեցրել է Վրաստանում տարբեր ղեկավար կուսակցական պաշտոններ, իսկ 1937-1953թթ. եղել է Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարը: Վախճանվել է 1957թ. Թբիլիսիում: