29 սեպտեմբերի 2023 - 16:32 AMT
Թուրքիան երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան․ ՊՆ ղեկավարը խոսել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու ՀՀ խոստումներից

Թուրքիան երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան, որի շինարարությունն առաջարկվում է ավարտին հասցնել 5 տարվա ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Կարս–Նախիջևան երկաթուղու երկարությունը կկազմի 224 կմ, գրում է ՏԱՍՍ–ը։

Նախարարը նշել է, որ տեխնիկական նախապատրաստումը տենդերին շարունակվում է։

Ըստ Ուրալօղլուի, այդ երթուղին «կավելացնի Թուրքիայի առավելությունն ու մրցունակությունն արտաքին առևտրի և տարանցիկ փոխադրումների գործում»։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր հերթին ասել է, թե Հայաստանը պետք է կատարի միջանցքը բացելու խոստումները, հայտնում է Trend.az-ը։

«Հայաստանի տված խոստումները, հատկապես Զանգեզուրի միջանցքի բացումը, և արդյունքին միտված բանակցությունների շարունակումը կայունության հաստատման միակ միջոցն է»,–ասել է նա։

«Եթե Փաշինյանը միջանցքը դարձնի ոչ թե ճգնաժամի պատճառ, այլ հնարավորություն, կշահի թե՛ Հայաստանը, թե՛ ինքը։ Հակառակ դեպքում, ամեն պարտությունից հետո Երևանի հրապարակները հրաժարականի կարգախոսներով լցնող զայրացած ամբոխները մի օր կարող են հանգեցնել Փաշինյանի տապալմանը»,–ասել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26–ին Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով,

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։