3 հոկտեմբերի 2023 - 17:17 AMT
Խանդանյան. Թուրքիայի պահանջներն անտեղի են՝ ՀՀ-ն ունի էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունը

Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայկական ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջներն անտեղի են ու ժամանակավրեպ:

«Հայաստանն էներգետիկ անվտանգության շուրջ իր ռազմավարությունն ունի: Նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ: Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից»,-ասել է Խանդանյանը՝ հավելելով, որ բազմիցս են եղել նման դիմումներ, հայտնում է Արմենպրեսը։

Պատգամավորն ընդգծել է, որ ամբողջ աշխարհն է ատոմային էներգիայի անցնում՝ ածխաջրածնային պաշարների հետ կապված:

Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։

Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար հանդես են գալիս նման պահանջներով և բողոքներով ՀԱԷԿ–ի գործունեությոնա դեմ։ Հունվարին Ադրբեջանի ՄԻՊ–ն էր դիմել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու պահանջով։