6 հոկտեմբերի 2023 - 17:41 AMT
Արա Մալիկյանը համերգների հասույթը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը

Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը, որի համերգները տեղի կունենան հոկտեմբերի 13-14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։

Համերգի կազմակերպիչ «ԹԻ ԷՄ Պրոդակշն» ընկերությունը համերգների հասույթն ուղղելու է ի նպաստ ԼՂ-ից բռնի տեղահանվածների:

Իսպանիայում բնակվող լիբանանահայ հայտնի ջութակահար Մալիկյանն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում։

2020–ին Մալիկյանը թողարկել էր «Արցախ» ալբոմը և կոչ արել Արցախի համար նվիրատվություն անել։

2022–ին Մալիկյանն այցելել էր Հայաստան իսպանական CuatroTV-ի Planeta Calleja հաղորդման վարող Խեսուս Կայեխայի ու ծրագրի անձնակազմի հետ։

Արա Մալիկյանը համերգներով հանդես է եկել 40-ից ավելի երկրներում։ Նա Մադրիդի Թագավորական օպերայի առաջին ջութակն է։ Որպես մենակատար ելույթներ է ունեցել Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Մադրիդի սիմֆոնիկ նվագախմբի, Ցյուրիխի կամերային նվագախմբի, Լոնդոնի կամերային և այլ նվագախմբերի հետ: Ջութակահարը թողարկել է ավելի քան երկու տասնյակ ալբոմ: