30 ապրիլի 2009 - 14:39 AMT
Թուրքիայում կրկին խոսում են պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի մասին
Անկարան մերժում է Ցեղասպանություն գործելու հայկական կողմի մեղադրանքները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: «Հայաստանի եւ Թուրքիայի ընդհանուր պատմության վերլուծությունը պետք է անաչառ արվի, ճշմարիտ ապացույցների հիման վրա: Թուրքական կողմը հավատարիմ կմնա պատմական ճշմարտությանը»,-ասել է Բաբաջանը` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձը ներքաղաքական խնդիրների արդյունք էր եւ Ամերիկայի նախագահի որոշ արտահայտություններ 1915թ. իրադարձությունների մասին անընդունելի են Թուրքիայի համար»,-ասել է Բաբաջանը: Նա նաեւ հավելել է, որ նախագահ Օբաման իր հայտարարության մեջ անտեսել է այն փաստը, որ 1915թ. իրադարձությունների ժամանակ նաեւ թուրքեր են զոհվել: «Եթե ԱՄՆ-ի նախագահը ցանկանում էր կասկածի տակ դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցը, ապա Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ անընդունելի է համարում դա»,-ասել է Բաբաջանը` հավելելով, որ իր դիրքորոշումը նա հայտնել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, գրում է թուրքական Today's Zaman թերթը: