30 ապրիլի 2009 - 14:52 AMT
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանխել խոզագրիպի տարածումն երկրում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձրացրել է խոզագրիպի տարածման ռիսկայնությունը, քանի որ այն փոխանցվում է մարդուց մարդուն, հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում: Այդ կապակցությամբ Հայաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ միջոցները ձեռնարկի երկրի տարածքում հիվանդության տարածման ռիսկի նվազեցման ուղղությամբ, հավելել է նա:

Իր կողմից Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասել է, որ ապրիլի 30-ի առավոտյան նախարարությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել: «Համաճարակային իրավիճակը Հայաստանում, ինչպես եւ երեկ, կայուն է, եւ խոզագրիպի ոչ մի դեպք չի արձանագրվել»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ ձեռնարկվել են բոլոր հակահամաճարակային միջոցները, ուժեղացվել է հսկողությունը «Զվարթնոց» եւ Գյումրու օդանավակայաններում: «Բացի այդ, հակահամաճարակային միջոցառումներ է հարկավոր կիրառել ինքնաթիռներում»,-ասել է նա: Քուշկյանն ընդգծել է, որ հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ քանակի դեղորայքով, իսկ 2-3 օրվա ընթացքում պետական գնումների գործակալությունը ձեռք կբերի ջերմացույցներ, որոնք կտեղադրվեն օդանավակայաններում: «Այս սարքավորումները թույլ են տալիս գրանցել ջերմաստիճանի բարձրացում ուղեւորների մոտ, ինչը հնարավորություն կտա բժիշկներին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել»,-ասել է Քուշկյանը:

«Եթե խոզի մսի ներմուծման արգելք սահմանենք, ապա խոսքը գնում է միլիարդավոր դրամների մասին»,-հավելել է Պետեկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով, եթե կա խոզագրիպի տարածման վտանգ, ապա տվյալները պետք է հավաստի լինեն, որպեսզի ԶԼՄ-ների միջոցով զգուշացնենք բնակչությանը, ինչպես նաեւ ներմուծողներին: Ինչպես ասել է Խաչատրյանը, այս պահի դրությամբ արգելք է գործում Մեքսիկայից ներմուծման համար: Ընդ որում նա հավելել է, որ խոզի միս արտահանող երկրներից, Հայաստանը համագործակցում է ԱՄՆ-ի, Կանադայի ու Բրազիլիայի հետ:

Իր հերթին գյուղատնտեսության նախարար Արամաիս Գրիգորյանն առաջարկել է սահմանափակել նաեւ թռչնամսի ներմուծումը, քանի որ կա վտանգ, որ հարուցիչը կարող է խոզից փոխանցվել թռչուններին: Նրա խոսքերով, հանրապետությունում ամեն ինչ արվում է հարուցիչի թափանցումը կանխելու համար: «Հսկիչ-անցագրային կետերում երկիր ներմուծվող բեռները ախտահանվում են»,-ասել է Գրիգորյանը: