30 ապրիլի 2009 - 15:09 AMT
Անկարայի հայտարարությունները Կարսի պայմանագրի մասին կարող են պառակտել հայ հանրությունը
«Իրավական տեսակետից Կարսի պայմանագիրը շատ խոցելի է եւ կոպտորեն խախտվել է Թուրքիայի կողմից»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, Կարսի պայմանագիրը կնքել են քեմալական Թուրքիան մի կողմից, եւ Անդրկովկասի խորհրդային հանրապետությունները մյուս կողմից: «Ըստ պայմանագրի, Թուրքիան ճանաչում էր Նախիջեւանի մարզը, որը հետո հռչակվեց Ադրբեջանի հովանավորության տակ գտնվող ինքնավարություն»,-հիշեցրել է Դեմոյանը:

Նրա խոսքերով, Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է նոր միջպետական պայմանագիր կնքեն: «Եվ Կարսի պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Նման հայտարարություններն, որ հնչեցնում է թուրքական կողմը, վտանգավոր են եւ միտված են հայ հանրության պառակտմանը»,-ընդգծել է նա:

Անդրադառնալով Երեւանի ու Անկարայի միջեւ միջպետական համաձայնագրի ստորագրման հնարավորությանը` Հ.Դեմոյանը նշել է, որ լավ կլիներ, որ փաստաթղթում ընդգծվեր, որ Թուրքիան պատրաստակամ է վերացնել Հայոց ցեղասպանության հետեւանքները:

«Համաձայնագրում պետք է ամրագրվեն Թուրքիայի տարածքում հայ մշակութային ժառանգությունը փրկելու եւ նրանց կարգավիճակի որոշման հարցերը: Ըստ Լոզանի պայմանագրի, Թուրքիան պարտավորվել է հարգել երկրի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային եւ կրոնական իրավունքները»,-ասել է հայ պատմաբանը: